ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Սարսափելի ու ճակատագրական է, երբ ռազմադաշտում կրած պարտությունը սրընթաց շարունակվում է պարտված երկրի ներսում

Սարսափելի ու ճակատագրական է, երբ ռազմադաշտում կրած պարտությունը սրընթաց շարունակվում է պարտված երկրի ներսում
27.09.2025 | 13:08

Հինգ տարի առաջ այս օրը սկսվեց, ավելի ճիշտ, շարունակվեց 1994-ին չավարտված պատերազմը։

Ռազմադաշտում Հայաստանը պարտվեց, սակայն պարտությունների շղթան չի ավարտվել։ Այդպես է ցանկացած պատերազմի պարագայում, պարտությունը երկար իներցիա ունի, հատկապես, երբ այն պարտվողին խորապես չի սթափեցրել, վերակերպման և ուղղվելու ցանկություն չի առաջացրել։

2025 թվականի Հայաստանը շատ է տարբերվում 2020-ի Հայաստանից, զուտ ձևական առումով, բովանդակային առումով վիճակն ավելի բարդ է։

Եթե նախկինում հասարակությունը գոնե որոշակի սիմվոլների ու արժեքների նկատմամբ ձևական հավատ ուներ, այժմ այդ սիմվոլներն էլ են մոռացվում, ապամոնտաժվում հիշողությունից։

Բավական է մի քանի ամիս Հայաստանից բացակայել, որպեսզի զգացվի փոփոխությունների ահռելի արագությունը։

Սպառողական հասարակությունը չունի որևէ օրինական ու բարոյական չափանիշ։ Հասարակության լայն շերտերը, իրար աչք տալով, մտել են սարսափելի մրցակցության մեջ, թե ում հեռախոսը, մեքենան, քեֆն ու հարսանիքը ավելի լավը կլինի, ով Երևանում տուն կառնի...

Եվ այս սպառողական մոլուցքը Հայաստանի ողջ բնակչությանը մտցրել է բանկային ստրկության տակ։ Սա է նոր Պետության մոդելը՝ վերցրեք վարկեր, վճարեք շատ հարկեր, իսկ, այսպես կոչված, հավելյալ արժեքը չի ավելանում։ Արտաքուստ կյանքը եռում է, մեքենաների մեծ շարժ կա, անճոռնի նորակառույց մրջնանոցներ են կառուցվում, բայց այս ամենի տակ բնական, առողջ կյանք չկա, չկա նաև հույս, հավատ, հանգստություն ու անկեղծ` մարդկային ուրախություն։

Որպեսզի բանկային ծանր բեռի տակ կքած հասարակության միտքը «առողջ» բաների շուրջ չկենտրոնանա, հասարակության ներվային համակարգը պարբերաբար խառնում են զանազան էմոցիոնալ ու շինծու թեմաներով։ Ստրուկները չպետք է շեղվեն։ Ողջ դատական համակարգը լծված է բանկային ստրկության անխափան աշխատանքը ապահովելու գործին։

44-օրյա պատերազմի մասին քչերն են հիշում, մարդիկ կարծում են, որ Ցեղասպանության, Ղարաբաղի, Արարատի ու պատերազմի մասին մոռանալով, կարելի է խաղաղ ապրել, վճարելով բանկային տոկոսները, բայց խաղաղությունը միշտ և հատկապես մեր պարագայում հարաբերական է։

Այսօր Գերմանիայի ու Ֆրանսիայի պես երկրներն են հայտարարում, որ գտնվում են պատերազմական վիճակում՝ լինելով Ուկրաինայից բավականին հեռավորության վրա։ Դա փորձի, գիտելիքների և պետական մտածելակերպի դրսևորում է, նաև պարզ ինքնապահպանման բնազդ, որոնցից զուրկ է Հայաստանը։ Եվրոպան պատերազմի վտանգ է զգում, Հայաստանում խաղաղության մասին անհոդաբաշխ ճառեր են։

Ռազմադաշտում կրած պարտությունը ամենասարսափելին չէ, սարսափելի ու ճակատագրական է, երբ այդ պարտությունը սրընթաց շարունակվում է պարտված երկրի ներսում։

2025-ի Հայաստանում չկա որևէ բարոյական և սահմանադրական նորմի նկատմամբ հարգանք, ամեն ոք իր գործում փորձում է կորզել առավելագույնը։ Եթե կարելի է համերկրացիների վրա վաճառել թունավոր սնունդ՝ վաճառվում է, անպիտան ծառայություն ու շինություն՝ վաճառվում է, որակի չափանիշ և զսպող գաղափար գոյություն չունի, բոլորը արդարանալու միջոց ու միտք ունեն։ Դավաճանությունը ենթագիտակցության մեջ դաջվել է, ոմանց համար նախկիններն են դավաճան, ոմանց համար՝ ներկաները, և ուրեմն դա նորմալ է ցանկացած մակարդակում...

Անխուսափելի մեծ պարտությունը դեռ առջևում է, երբ տանուլ կտանք նաև զուտ պետական, տնտեսական ոլորտներում հարևանների հետ մրցակցությունը, արդեն իսկ տանուլ ենք տվել։ Եթե նախկինում ինքնասփոփվում էինք մեր բառդակ «դեմոկրատիայով» ու Ադրբեջանի «դիկտատորական» համակարգով, այժմ դրանից էլ ենք զուրկ, աշխարհը մտել է մերկ պրագմատիզմի դաշտ, դեմոկրատիայի վրա թքած ունեն բոլորը, հատկապես՝ մեր ունեցած ծաղրադեմոկրատիայի վրա։ Հարևան բաց երախների առաջ Հայաստանը կեղծ տնտեսական աճ ու խաղաղություն է խաղում, հասարակությունը դեռ ասֆալտի ճոխության բերկրանքն է վայելում...

Ընդամենը պետք է մեկ, զուտ մեկ քայլ առաջ մտածել կարողանալ...

Չենք կարողանում։

Արա Արայան

Դիտվել է՝ 1155

Մեկնաբանություններ